Տրանսպորտի ոլորտում Երեւանի 5-ամյա ծրագրում գրված է, որ պետք է մշակել ու ներդնել նոր տրանսպորտային ցանց, սակայն արդեն իսկ գոյություն ունի մշակված ցանց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ծրագրում նշվում է նաեւ, որ պետք է տրանսպորտի ոլորտում կազմավորել նոր օպերատոր. «Ոչ թե պետք է լինի նոր օպերատոր, որպեսզի «Սանիթեքի» նման քաղաքը կրակն ընկնի մոնոպոլիստի ձեռքում, այլ օպերատորներ»,-ասաց Խաժակյանը:

Նա նկատեց, որ նախորդ իշխանությունները հայտարարում էին, որ պետք է առհասարակ ազատվել միկրոավտոբուսներից, իսկ նոր ծրագրում դա հստակ նշված չէ, ինչը հետընթաց է:

«Այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները միկրոավտոբուսային գծատերերն էին, բոլորը գիտեն, այն որ շարժակազմերը գերմաշված են, դա էլ տեսնում են բոլորը: Մենք անընդհատ խոսում ենք հնից, իսկ դուք ինչ եք անելու, հարգելիներս: Ասում են՝ սպասեք առնվազն 2 տարի, մինչեւ կունենանք բարեփոխված համակարգ: Իսկ մինչ այդ մաշված գազելների հետ ի՞նչ պետք է անեն մեր քաղաքացիները:

Դուք երդմնակալությունից հետո հայտարարեցիք, որ տրանսպորտի սակագնի չբարձրանալը օբյեկտիվ չէ: Սա ի՞նչ մեսիջ էր գծատերերին: Սա նշանակում է, որ գծատերերը կարող են գալ թանկացման հայտ ներկայացնել, մենք էլ անելանելիությունից ելնելով գնանք սակագնի բարձրացման»,-ասաց Խաժակյանը: