Նախարարությունների առաջիկա կրճատման մեջ ոչ մի տրամաբանություն չկա, քանի որ այդ որոշումն ընդունվել է հապճեպ եւ չունի որեւէ բացատրություն։ Այս մասին դեկտեմբերի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի նոր իշխանությունների այսպիսի «չմտածված» մոտեցումն իր մեջ հսկայական վտանգ է պարունակում եւ կարող է հանգեցնել շատ ցավալի հետեւանքների։ «Մարդիկ կհայտնվեն փողոցում, եւ բացի այդ, մեզ մոտ աղքատության մակարդակը միայն պաշտոնական տվյալներով՝ հասնում է 32-34 տոկոսի։ Եւ դա դեռեւս իրականությունը չի արտացոլում։ Իրականում այդ մակարդակը զգալիորեն բարձր է եւ տատանվում է 70 տոկոսի ու դեռ ավելիի մոտակայքում։ Այս պայմաններում, Նոր տարվա շեմին այդ աշխատավորներին, ովքեր բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը, ըստ էության, շպրտել փողոց․․․ Դա նոր խնդիրներ կառաջացնի։ Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել մարդկանց հետ»,- վստահ է Բոստանջյանը։

Նա նշեց, որ նոր ղեկավարության ընտրած ուղին խնդրի լուծման ամենապարզ միջոցն է։ Տնտեսագետը նաեւ լուրջ կասկած հայտնեց, որ կառավարությունը մտադիր է խնայել պետական միջոցները եւ այլեւս թույլ չտալ չարդարացված ծախսեր, ինչպես դա անում էին նախկին իշխանությունները։ «Նրանք իբր խնայում են եւ ուզում են ավելի ռացիոնալ ծախսել բյուջեի միջոցները, սակայն պարզվում է, որ մեր փոքր երկրի պայմաններում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս ունենալ մեքենաներ, աշխատասենյակներ, սպասարկող անձնակազմ եւ այլն։ Այսինքն, ըստ էության ոչինչ չի փոխվել։ Գործուղումներն ավելի շքեղ են դարձել։ Ուրեմն, եթե որեւէ մեկը հայտարարում է խնայողության մասին, ապա ոչ մի խնայողություն իրականում չկա։ Մանավանդ, եթե մենք կարող ենք ծանոթանալ այդ մասին բազմաթիվ հրապարակումներին։ Որոշ մարդիկ իրենց համար արտասահմանյան ուղեւորություններ են կազմակերպում, եւ հասկանալի չէ, թե որքանով է դա անհրաժեշտ մեր երկրին»,- պարզաբանեց Վարդան Բոստանջյանը։

Բացի այդ, փորձագետի խոսքերով, կրճատումը լուրջ դժգոհություններ կառաջացնի նաեւ արտասահմանում, հատկապես՝ հայկական սփյուռքի շրջանում, որը, փաստորեն, մի շարք նախարարությունների կրճատումից հետո կզրկվի իր ներկայացուցչությունից՝ այն դեպքում, երբ Հայաստանի սահմաններից դուրս մոտ 8 միլիոն հայ է ապրում։