Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է՝  Երեւանի բյուջեի նախագծի շուրջ դեռեւս այսպիսի հանրային քննարկում չի ծավալվել։ 

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքապետարանում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով նկատառմանը, թե բյուջեի քննարկումը հետաձգվեց փոքրամասնության կամքով, մեծամասնությունը պատրաստ էր եւ պնդում էր քննարկումը շարունակելու շուրջ, Մարությանը ասաց. «Ի՞նչ եք կարծում՝ քանի անգամ է բյուջեի նման հանրային քննարկում եղել։ Վստահեցնում եմ, որ չի եղել»

Նա պնդում է՝ կա  նորմալ քննարկում, կա բանավեճ, միեւնույն ժամանակ այդ բանավեճը տեղի է ունենում ոչ միայն ավագանու նիստին, այլ նաեւ հանձնաժողովի նիստերի ժամանակ։

Հարցին, թե այդ բանավեճը քաղաքապետը արդյոք ձեռքբերում է համարում, նա նշեց. «Քաղաքացիներին, ՀԿ–ներին, ձեռնարկատերերին, որ հարցնեք, նրանք կասեն՝ եկել են, առաջարկներ են արել, իրենց առաջարկները տեղ են գտել մինչեւ վերջ չմշակված փաստաթղթում, իսկ մինչեւ մարտ, երբ պետք է վերջնական մշակվի, ես վստահեցնում եմ, որ բոլորը գալու են, մասնակցեն, բոլորի ձայնը լսելի է լինելու, իրապես բոլոր լավ առաջարկները հաշվի են առնվում»։

Հայկ Մարությանը հավաստիացրեց՝ առաջ այդ առաջարկները, որը լավ էր քաղաքի համար, վատ էր ինչ–որ մեկի բիզնես շահի համար. «Տրանսպորտային համակարգը ինչո՞ւ է ձգվել, որովհետեւ գծատերեր են եղել, իրենց ձեռք չէր տալիս, որ նոր համակարգ լինի, իսկ մեզ ձեռք է տալիս, որ օր առաջ լինի այդ համակարգը։ Ոչ մի գծի հետ մենք կապ չունենք։  Այո, սա շատ մեծ առաջընթաց է, որ ամեն լավ առաջարկ լսվում է»։

Նա սուտ որակեց այն հայտարարությունները, թե ինքն ասել է, որ նոր համակարգի ներդրումը կձգձգվի 2 տարով, ապա հավաստիացրեց, որ 2 տարին այն ժամանակահատվածն է, որ անհրաժեշտ է ցանցի նորացման համար։