Նախարարության աշխատակիցները, որոնք ընկել են կրճատման տակ, սակայն որոշակի փորձ եւ գիտելիքներ ունեն, չպետք է պետական կառույցներից դուրս մնան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Փորձագետի խոսքերով՝ այդ սկզբունքը պետք է վերաբերի ցանկացած նախարարության։ «Ես կարծում եմ, որ այդ բոլոր հարցերին պետք է մոտենալ տնտեսական անվտանգության եւ տնտեսական հնարավորությունների զարգացման տեսակետից։ Այսինքն, որքանով են դրանք նպաստում տնտեսության զարգացմանը կամ հակառակը՝ որքանով են խոչընդոտում»,- պարզաբանեց Մանասերյանը։
Տնտեսագետը նշեց, որ անհրաժեշտ է բարելավել ինչպես պետական, այնպես էլ հասարակական կառավարման համակարգը։ Այդ հարցին, ըստ նրա, պետք է մոտենալ ռազմավարական պլանավորման, ինչպես նաեւ տնտեսական ռազմավարության մշակման եւ հետագա իրականացման տեսակետից։ Դրա համար, փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է որոշակիացնել նպատակները։ Ընդ որում, նա կասկած հայտնեց, թե իշխանությունները գաղափար ունեն այդ հարցի մասին։
«Կարելի է խնայել փողերը՝ կրճատելով մի քանի նախարարություն, սակայն դա միայն այս տարի։ Բայց չէ որ մենք կարող ենք տարեցտարի ավելի ու ավելի տնտեսել։ Այսինքն, դա, կոպիտ ասած, միանգամյա գործարք է, եւ կարծում եմ՝ պետք է նայել՝ ինչպես է արդյունավետ աշխատելու եւ գործելու պետական ապարատը»,- ընդգծեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարը։





























