Հանրային խորհրդի երկու հանձնաժողովներ հանդես են եկել մշակույթի նախարարության եւ սփյուռքի նախարարության լուծարման դեմ։ Խոսքը Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի մասին է՝ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, եւ Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրացիայի հանձնաժողովի՝ Գեւորգ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ելույթ ունենալով երկու հանձնաժողովների համատեղ նիստում՝ Գեւորգ Մկրտչյանը ասել է, որ նման քայլն անցանկալի է՝ հաշվի առնելով սփյուռքի հետ կապերն ավելի ամրապնդելու Հայաստանի ցանկությունը։ Նրա կարծիքով՝ նախարարությունների լուծարման հարցը պետք է լուծվի սփյուռքի հայերի ներգրավմամբ։ Ինչպես նշել է Մինասյանը, մշակույթի նախարարության լուծարումը ծայրահեղ ծանր հետեւանքներ կունենա։ Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ չկա առանձին մշակույթի նախարարություն, պետության կողմից մշակույթի ոլորտին աջակցելու համար ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ գործում են բազմաթիվ հիմնադրամներ, որոնք ակտիվ գործունեություն են իրականացնում այս ոլորտում, այդ թվում՝ համակարգող եւ կազմակերպչական աշխատանքներ։

Իսկ Հայաստանում նման հիմնադրամներ գոյություն չունեն։ Դրա հետ մեկտեղ, մշակույթի ոլորտի լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում հովանավորության մասին օրենքի բացակայությունը։ Միաժամանակ, Մինասյանը խոստովանել է, որ Հայաստանի մշակույթի վերջին 2-3 նախարարները հաստատությունը վերածել էին պրոդյուսերական կենտրոնի, իսկ նախարարությունն ինքը վերջին 30 տարիների ընթացքում հեռացել էր իր գործառույթների կատարումից, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում պետական քաղաքականության մշակումից եւ իրականացնելուց։ Մինասյանը հիշեցրել է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը այդ պաշտոնում իր նշանակման առաջին օրերին հայտարարել էր․ «Մշակույթը ես եմ»։ «Ստացվում է, որ Մակունցը ընտրություններից հետո գնում է աշխատելու խորհրդարանում, եւ մշակույթ այլեւս չկա»,- նշել է նա։

Իր հերթին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասել է, որ մշակույթի նախարարությունը, որպես առանձին հաստատություն, Հայաստանին անհրաժեշտ է։ Նրա կարծիքով՝ փոփոխությունների կարիք ունեն դրա գործառույթները։ «Այն պետք է զբաղվի մշակույթի ոլորտում պետական քաղաքականությամբ, ոչ թե տարատեսակ ՊՈԱԿ-ների միջեւ ֆինանսավորում բաժանելով»,- հայտարարել է նա։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է պահպանել նաեւ սփյուռքի նախարարությունը։ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը մատնացույց է արել այն, որ նախարարությունների լուծարումը լուրջ սոցիալական հետեւանքներ կունենա։ «Մինչ այժմ ստույգ տեղեկություն չկա այն մասին, թե քանի մարդ կկորցնի աշխատանքը։ Ինձ հետաքրքրում է, մտածո՞ւմ է արդյոք կառավարությունը նրանց հետագա աշխատանքի տեղավորման մասին»,- նշել է նա։

Նիստի արդյունքներով՝ որոշում է ընդունվել կառավարություն ուղարկել մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները չփակելու, ինչպես նաեւ այս հարցով հանրային քննարկումներ կազմակերպելու առաջարկություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության կառուցվածքի բարեփոխումների արդյունքում 17 նախարարությունների փոխարեն կմնան 12-ը։ Ինչպես նաեւ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը կմիանա կրթության եւ գիտության նախարարությանը։ Եթե սա իրականություն դառնա, ապա Հայաստանում առաջին անգամ կդադարի գոյություն ունենալ մշակույթի նախարարությունը։ Դեկտեմբերի 21-ին նախարարությունների աշխատակիցները Երեւանում բողոքի ցույցեր են անցկացրել։