Երեւանի ավագանու նիստում 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ 2019 թ.-ի բյուջեի նախագծով ծրագրվել է եկամուտների գծով՝83 մլրդ 77 մլն 572 հազար դրամ, ծախսերի գծով՝ 84 մլրդ 346 մլն 812 հազար դրամ: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 269 մլն 240 հազար դրամ:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հավաստիացնում է՝ եթե բյուջեում չկա պլանավորված դեֆիցիտ, դա վատ բյուջե է։ «Եթե պահանջարկը առաջարկին չի գերազանցում, տնտեսական ճգնաժամ է առաջ գալիս․ հավատացեք՝ դեֆիցիտը տեղ ունեինք մի քանի միլիարդ պլանավորելու»,– նշել է նա։

Բյուջեի նախագծում լայն քննարկումների առիթ տվեցին քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւատրումների եւ արտասահմանյան գործուղումների տողերը, քանի որ  պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչեւ 1 մլրդ 991.4 մլն, իսկ գործուղումների ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչեւ 112.7 մլն: