Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւատրման առաջարկվող համակարգն աշխարհում առավել պոպուլյար եւ արդյունավետ համակարգերից է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստին նշեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւատրման նախագիծը ծառայողական օգտագործման փուլում  է, բայց ես փորձեմ մի քանի փակագծեր բացել։ Համակարգը հոլանդական համակարգ է։ Այն ենթադրում է աշխատակիցների աշխատանքի կատարողականների եւ ծրագրավորման հիման վրա դուրս բերել աշխատակիցների օբյեկտիվ չափանիշներով գնահատման եւ ռեյտինգավորման արդյունքներ, որոնք կուղղորդեն պարգեւատրման արդյունավետ բաշխումների»,–նշեց նա։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ ամեն աշխատող տարվա կամ հաշվետու ժամանակաշրջանի համար նախանշում է իր աշխատանքային ծրագիրը. «Համակարգի հիմքում ընկած են աշխատակցի կողմից եւ տվյալ ստորաբաժանման կանոնադրության շրջանակներում ամրագրված ամբողջական գործառույթների գույքագրում եւ մարդ-ժամերի բաշխման արդյունքում աշխատանքի պլանավորում ամբողջ տարվա կամ եռամսյակի համար: Արդյունքում եռամսյակի կամ տարվա ավարտին աշխատակիցը, իր ղեկավարն ու գործընկերներն իրականացնում են համակարգի կողմից նախանշվող չափանիշների բաշխմամբ գնահատում տվյալ աշխատակցի աշխատանքի կատարողականի, թե միջանձնայաին հարաբերությունների եւ այլ չափանիշներով»։

Նրա փոխանցմամբ՝ արդյունքում աշխատակիցը ստանում է գործակից, որը կիրառվում է աշխատավարձի եւ պարգեւատրման ֆոնդի հարաբերակցության ցուցանիշի նկատմամբ, եւ արդյունքում ձեւավորվում է աշխատակցի պարգեւատրման չափը։

«Սա աշխարհում առավել պոպուլյար եւ արդյունավետ համակարգերից մեկն է, այդ պատճառը, որ կանգ են առել այս համակարգի վրա։ Այստեղ շատ նուրբ հոգեբանական եւ սոցիոլոգիական կոմպոնենտներ են դրված»,–եզրափակեց նա։