«Կիլիկիա» առագաստանավը Արտանիշի ձմեռային կայանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Կիլիկիայի» կապիտան, «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:

Նրա խոսքով՝ անցած ամառ առագաստանավի անձնակազմը հրաժարվել էր Սեւանա լճում կանոնավոր լողարկումներից՝ չափից ավելի թանկ լինելու պատճառով: «Սա նշանակում է լրացուցիչ վերանորոգում, մշտական անձնակազմ ունենալ»,- նշեց Կարեն Բալայանը՝ հավելելով, որ անձնակազմի մի մասը կամավոր հիմունքներով է աշխատում, սակայն աշխատելու պատճառով ոչ բոլորն են կարող լճի վրա շաբաթներ անցկացնել: Ինչ վերաբերում է պարբերական վերանորոգումներին եւ տախտակները փոխելուն, ապա սա բոլոր փայտե նավերի խնդիրն է, արձանագրեց Կարեն Բալայանը: «Կիլիկիան» կառուցված է կաղնու եւ սոճու փայտից: «Օգտագործում ենք ինչպես տեղական փայտանյութը, այնպես էլ դրսից բերված: Մասնավորապես՝ կայմերը միայն տեղական են»,- նշեց Բալայանը: «Կիլիկիայի» համար թանգարանի հարցը դեռեւս արդիական է, շեշտեց առագաստանավի կապիտանը:

Ի դեպ, արկածների սիրահարները կարող են Ամանորը դիմավորել եւ անցկացնել «Պորտ Այաս» բազայի հարմարավետ քոթեջներում: