Աղբի մաքրության հարցը, որն անմիջականորեն առնչվում է քաղաքապետարանին, Առողջապահության եւ Բնապահպանության նախարարությունների իրավասություններին է նաեւ առնչվում:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Երեւանում աղբի մաքրման խնդիրը՝ ասաց բնապահպան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:
«Ստեղծված իրավիճակը հղի է շրջակա միջավայրի աղտոտմամբ եւ համաճարակներով: Ցավոք, Առողջապահության նախարարությունն, ըստ սովորության, հեռու է պահում իրեն խնդրից:
Ձմռանը ցածր ջերմաստիճանները չեզոքացնում են վտանգը, սակայն ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, եթե իրավիճակը չփոխվի, վտանգները կավելանան»,- ասաց Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ փողոցներում աղբի կուտակումները նպաստում են կրծողների բազմացմանը:
Նրա խոսքով՝ մարդիկ չեն սովորել աղբին, նրանք հոգնել են պարզապես նույն բանը կրկնելուց:
«Երբ Երեւանի քաղաքապետի ընտրություններն էին, բոլորը խոսում էին աղբի մասին: Իսկ հիմա՞: Եղեւնին հրաշալի է, բայց երբ այն շրջապատված է աղբով, վատ է»,- ասաց Դանիելյանը:

































