Մշակույթի նախարարությունը եղել է բյուջետային բարիքներից օգտվելու հնարավորություն ու մշակույթի հետ կապ չի ունեցել: Այս մասին, այսօր՝ սդեկտեմբերի 26-ին, «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ ասաց հեղինակ-կատարող Վահան Արծրունին։
Նրա խոսքով, այն ամենաթող վիճակը, որն ստեղծվել է Մշակույթի նախարարությունում անկախության 30 տարիների ընթացքում, պայմանավորված է նրանով, որ չկա որեւէ օրենք, որը կսահմաներ Մշակույթի նախարարության գործառույթները:
«Այդ օրենքի բացակայությամբ է պայմանավորված եղել այն, որ յուրաքանչյուր ղեկավար, որը եկել է, ոնց պատկերացրել է, թե ինչպես պետք է գործի այդ կարեւորագույն մարմինը, այդպես էլ աշխատացրել է: Մեկը Նիցշե էր թարգմանել, վերջինն էլ, գիտեք, դայվինգի թանգարան էր ուզում հիմնել Սեւանում կամ խոսում էր Օպերայում սպորտային դահլիճներ բացելու մասին։
Քանի որ որեւէ մեխանիզմ չկա, որը կսահմաներ նախարարության ֆունկցիան, յուրաքանչյուր ղեկավար հորինում էր այդ ֆունկցիան ըստ իր պատկերացումների: Այնինչ Մշակույթի նախարարության զարգացման վեկտորը պետք է սահմանի օրենքը, որը գոյություն չունի»,-հայտարարեց Արծրունին:
Նա ընդգծեց, որ Մշակույթի նախարարությունը պարտավոր է համակարգել ոչ միայն դոտացիոն, այլ մշակույթի ամբողջ դաշտը, այդ թվում ազատ հատվածը, որը միտված է արվեստի զարգացմանը. «Դրա մեջ մտնում են ստեղծագործական բուհերի շրջանավարտներից սկսած մինչեւ անկախ թերական խմբեր, անկախ կինեմատոգրաֆ, անկախ կերպարվեստ եւ այլն: Այսինքն նախարարությունն այս 30 տարիների ընթացքում սահմանափակել է իր հետաքրքրությունների շրջանակը եւ այնտեղ տիրել է կամայականություն, հովանավորչություն, յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանելու միտում: Փաստորեն նախարարությունն ըստ ֆունկցիայի տարրական գործակալության նիշի է իջեցվել»:
Արծրունու խոսքով՝ տարիներ շարունակ Մշակույթի նախարարության համար հատկացվել է բյուջե, որը տնօրինվել է գերատեսչության ղեկավարի կամայականությամբ, որի հետեւանքով էլ ստեղծվել են հսկայական դեֆորմացիաներ՝ նաեւ հասկացությունների մեջ։ «Դոտացիոն համակարգի մեջ եղած աշխատակիցներն այլ պատկերացումներ ունեն մշակույթի մասին, այդ համակարգից դուրս մնացածների մի մասն էլ ընդհանրապես արհամարհանքով է խոսել Մշակույթի նախարարության մասին։ Մշակույթի նախարարությունը շատ հաճախ մշակույթի հետ կապ չի ունեցել եւ եղել է որոշ մարդկանց համար հնարավորություն վերաբաշխել հնարավորությունները եւ օգտվել բյուջետային բարիքներից: Սրա պատճառով էլ տեղի ունեցավ այն, ինչը մենք արձանագրում ենք՝ նախարարության անկում, որը չի ենթադրում զարգացում:
Նախարարությունն ունի 131 աշխատակից, ու մենք չենք լսել այդ աշխատակիցներին որեւէ հարցում, մենք չենք տեսել, որ որեւէ թեմայի վերաբերյալ նրանք դուրս գան փողոց եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն: «Նրանք դա սկսեցին անել միայն այն դեպքում, երբ հասկացան, որ զրկվում են իրենց աթոռներից»,-հայտարարեց վահան Արծրունին:





























