Անկախ պետականության օրոք պետական ապարատում կատարված ցանկացած փոփոխություն պետք է ունենա մեկ նպատակ՝ ավելի հզորացնել ազգային կառույցները, որովհետեւ մենք շրջապատված ենք գերազգային պետություններով, եւ երեք հարևանների հետ էլ մշակութային դաշտում խնդիր ունենք: Այս մասին այսօր «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով քննարկման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով, այդ երեք հարեւաններից Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ, անսքող ուղղակի ջարդարարությամբ, վանդալիզմով է զբաղված պետական մակարդակով:

«Օրինակ խորհրդային տարիներին հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առնթեր կառույց էր: Այն շատ բարձր կարգավիճակ ուներ ու դա այն դեպքում, երբ մենք անկախ պետության կարգավիճակ չունեինք: Շատ տրամաբանական էր, որ Մոսկվայի թաթի տակից դուրս գալուց հետո նվազագույնը այդ համար մեկ կառույցի կարգավիճակը կբարձրանար»,-ասաց Սամվել Կարապետյանը՝ հիշելով Չերչիլի խոսքերը, որ երբ նրան պատերազմի ժամանակ առաջարկում են նվազեցնել մշակույթին ուղղվող ծախսերը, նա պատասխանել է՝ այդ դեպքում՝ մենք ինչի՞ համար ենք կռվում:

«Մենք վերջապես ունեցանք անկախ պետականություն եւ հանկարծ Մշակույթի նախարարությունը իջեցվում է  գործակալության մակարդակի:

Սա անտրամաբանական է: Սա ես չգիտեմ, իսկապես վերագրենք տգիտության, թե միտում կա: Փաստն այն է, որ երկրի, ազգի ողնաշարը պահող կառույցը շատ ավելի ցածր կարգավիճակ ենք տալիս:

Մշակույթը բավական երկար ճահճացած վիճակում է ապրել և հիմա երկրում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո հույսեր են արթնացել: Ինձ մոտ ևս հույսեր են արթնացել ազգային դաշտում ողնաշարը պնդեցնելու, շտկելու, և մեկ էլ հանկարծ որոշում են Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները օպտիմալացնել: Կամ ինչպե՞ս կարող է Սփյուռքի նման կարևոր կառույցը դուրս գալ, երբ երկրի բնակչության 3/4-ը դրսում է: Գուցե լավ չէր աշխատում, բայց այդ դեպքում պետք է ձևեր գտնել այն հզորացնելու համար։ Սրանք լրջագույն խնդիրներ են և հույս ունեմ, որ այդ կառույցները պետք է հզորանան․ մենք իրավունք չունենք մեզ այդպես պահելու: Հույս ունեմ՝ բանականությունը կհաղթանակի, և կառույցը կհզորանա, չպետք է թուլանա, իրավունք չունենք»,- ընդգծեց հուշարձանագետը: