Փոխվարչապետի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ջերմուկի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշմանը, որով Ջերմուկ համայնքի տարածքում իբր արգելվելու է մետաղական հանքարդյունաբերությունը։
«Ջերմուկի ավագանին որոշում է կայացրել հավանություն տալ մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Անկախ նրանից, թե հետապնդվող նպատակը որքանով է բարի, զուտ իրավական իմաստով այս որոշումը հակաօրինական, հակասահմանադրական է, քանզի համայնքի ավագանին նման որոշում կայացնելու իրավասություն չունի, հետևաբար այս որոշումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք»,– գրել է Վահե Դանիելյանը։






























