Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը տեղյակ չէ իրեն որպես մեղադրյալ ներգրավվելու ՀՔԾ քննիչի նոր որոշման մասին։
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ պաշտպանական կողմը պաշտոնապես տեղյակ չէ Վահագն Հարությունյանի հետ կապված քննչական և դատավարական նոր գործողությունների մասին։
«Վահագն Հարությունյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ չի բացառում, որ իրեն վերաբերվող նոր՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ ի հայտ գան։ Մենք չսխալվեցինք. իմ պաշտպանյալն ասել է, որ ինչ մեղադրանք էլ լինի՝ երևակայության արդյունք է»,–ասաց նա։
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացրել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Այսօր հայտնի դարձավ, որ Վերաքննիչի այս որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու:
Միհրան Պողոսյանի խոսքով, եթե դատախազությունը համարում էր, որ Վերաքննիչ քրեական դատարանն անհիմն կերպով է վերացրել Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքն, ապա պետք է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացներ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, Մարտի 1–ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։
Հարությունյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309–րդ հոդվածի 2–րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Նա նշեց, որ քննիչի կողմից Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան։
Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը 2007-2011 թ. զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:





























