Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության սահմանման վերականգնման նպատակով։ Վերջինս տեղեկացրել է, որ իր որդին մանկուց ունի հաշմանդամություն, հաշվառված է հիվանդանոցում, որտեղ պարբերաբար իրականացվում են բժշկական հետազոտություններ, սակայն բժշկասոցիալական վերափորձաքննության ժամանակ, առանց բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու, որոշում են կայացրել որդուն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չսահմանել:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալությունը կազմակերպել է վերափորձաքննություն հանձնաժողովի ընդլայնված կազմով` Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Վերափորձաքննությանը ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը եւ կրկին «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի սահմանվել։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի իրավական խորհրդատվությամբ երեխան եւս մեկ անգամ ԲՍՓ հանձնաժողովում մասնակցել է բժշկասոցիալական վերափորձաքննության` ներկայացնելով առողջական խնդիրները հավաստող նոր բժշկական փաստաթղթեր: Արդյունքում, սահմանվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ երկու տարի ժամկետով։