Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն հայտնի են դարձել նաեւ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից առաջադրվելիք ստամբուլահայերի անունները։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, իշխող կուսակցությունը ցանկանում է 2011-ի հունիսի 12-ի խորհրդարանական ընտություններին առաջադրել Մելքոն Քարաքյոշեի, Թաթոս Բեբեքի, Մարկար Եսայանի, Ջերրի Խրիմյանի եւ Պետրոս Շիրինօղլուի թեկնածությունները։

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւը) կուսակցությունը նախատեսում  է առաջադրել Գեղամ Կարապետյանի թեկնածությունը։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելու է հայազգի Արեւ Ջեբեջին, ով նշել է, թե պատգամավոր դառնալու դեպքում ինքը կներկայացնի Թուրքիայի շահերը, սակայն առաջին տեղում է լինելու հայ համայնքի խնդիրները։

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը որոշել է Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից  պատգամավորի թեկնածու առաջադրել ստամբուլահայ հայտնի գրող, լրագրող Հայկո Բաղդատին։

Թուրքիայի հանրապետության պատմության մեջ 23 ոչ մահմեդական է տեղ զբաղեցրել խորհրդարանում։ Նրանցից 6-ը եղել են հայ։  Առաջին հայը խորհրդարանում եղել է 1935-1946 թվականներին, իսկ վերջինը՝ 1961-1964 թվականներին։