Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի անձնակազմին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին եւ, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ:

Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները եւ դրանց հիման վրա արժեհամակարգ ձեւավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երեւույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ:

Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»: