Մենք ոչ թե նեղում ենք, այլ օրենքով սահմանված մեր գործառույթն ենք իրականացնում. մարդիկ պետք է կատարեն իրենց պարտավորությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ տնտեսվարողներ բողոքում են, որ հարկայինը ստուգումներ է սկսել իրենց մոտ եւ նեղում է իրենց:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրողների բողոքի ակցիային, որոնք նշում էին, որ հունվարի 1-ից իրենց հարկային բեռնա ավելանում է եւ փաստաթղթավորումը շատացել է, Անանյանն ասաց. «Թե որքանով է վիճահահույց այս կամ այն իրավական ակտը, մենք Ֆինանսների նախարարի եւ տրանսպորտի, կապի նախարարի հետ միասին պայմանավորվեցինք, որ մեր հարկ վճարողների մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք եւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հավանականությունը կգնահատենք, թե ինչ փոփոխություններ կարող ենք անել»:




























