Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ոչ թե ստվերը մեծացել է, այլ նա կատարել է որոշակի վերլուծություններ եւ դրանց արդյունքում այդպիսի տեսակետ է հայտնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, ըստ որի ստվերն ավելացել է եւ 15 մլրդ դրամ պակաս հարկ է հավաքել:

«Ես կարող եմ այլ վերլուծություն անել եւ այլ տեսակետ հայտնել: Այո, նա կարող է այդպիսի վերլուծություններ անել, բայց դրանք բացարձակ ճշմարտություններ չեն, դրանք անվանի, հայտնի տնտեսագետի դատողություններ են, որոնք կարող են հնչել, մենք էլ կարող ենք դրա հակափաստարկները ներկայացրել կամ չներկայացնել»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ինքը մակրոտնտեսագետ չէ եւ այդ ոլորտում դատողություններ չի անի: