Ներկայումս Հայաստանի երեք քաղաքացիներ Լիբիայից կապի մեջ են մտել Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, նրանց բոլորին տեղափոխել են անվտանգ վայր, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Տիգրան Բալայանը նկատել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն աշխատում է Մերձավոր Արեւելքի երկրների դեսպանատների հետ:

Նշենք, որ նախօրեին հաղորդվում էր Հայաստանի մեկ քաղաքացու մասին, ով կապի մեջ էր մտել դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Լիբիայի քաղաքներում փետրվարի 15-ից շարունակվում են ցույցերը երկիրը 40 տարուց ավելի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով:

Փետրվարի 22-ի գիշերը Քադաֆին հայտնվել է ազգային հեռուստատեսության եթերում եւ հաղորդել, թե չի լքել երկիրը: «Ես գտնվում եմ Տրիպոլիում, այլ ոչ Վենեսուելայում, ինչպես հաղորդում են կեղծ շշուկները»,- ասել է Քադաֆին: