18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի հարցերին պատասխանում է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։
Տանը՝ ընտանիքի անդամների հետ, մարզերում՝ ընկերների ու հարազատների:
Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։
Ամանորի ծախսերը ես չեմ կատարում զբաղվածության պատճառով: Դա չեմ արել նաև նախորդ տարիներին, այդ պատճառով դժվարանում եմ պատասխանել: Ակնհայտ է մի բան, որ նախորդ տարվա համեմատ մեր տան Ամանորի ծախսերը չեն ավելացել:
Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։
Դժվարանում եմ ինչ-որ բան առանձնացնել: Բայց կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Թավշյա հեղափոխության նախապատրաստմանն ու իրագործմանը:
2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։
Բոլոր անհաջողությունների դեպքում էլ տխրում եմ, այնպես որ չեմ կարող դրանցից որևէ մեկն առանձնացնել: Բայց դրանք շատ չեն եղել։
Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։
Վերջին տարիների իմ միակ ցանկությունն է՝ օրը դառնա 26 ժամ:
Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։
Հմ, բարդ հարց է: Այս պահին քաղաքական դաշտի կին ամենակարևոր դերակատարներն են Լենա Նազարյանը և Լիլիթ Մակունցը:
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։
Այս տարի քաղաքական իրադարձությունները րոպե անգամ չեն թողել կենտրոնանալու գրքերի վրա: Ներկայում մի քանիսը դրված են կողքի, որպեսզի Ամանորի հանգստի ժամանակ կարողանամ կարդալ:
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։
Նույնը կարող եմ ասել ֆիլմերի մասին:
2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։
Իհարկե, «Իմ քայլը»։
Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։
Ի պաշտոնե կարող եմ զարմացնել այս պահին այս ոլորտի արդյունքներով: Վստահ եմ, որ 2019-ին դրանք նույնպես քիչ չեն լինելու:
Ամանորի հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։
Չեմ սիրում, երբ մարդիկ մեկը մյուսին պարտադրված հյուր են գնում: Ամանորը յուրաքանչյուրի ուրախ ժամանակ անցկացնելու համար է: Կարևոր է, որ մարդիկ վայելեն հանգիստն ու իրենց համար սիրելի անձանց ներկայությունը:
Ամանորի գիշերը ո՞րերորդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։
Ամանորի գիշերը որևէ ղեկավարի երբևէ չեմ շնորհավորել:
Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։
Կտանեի մարզեր, ուր հնարավորության դեպքում սիրում եմ գնալ: Այստեղ բազմաթիվ դրական հույզեր են կուտակված:
Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։
«Հին» մարդկանց եմ «թողնում» նախորդ տարում:
Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։
Ժամանակին։
Ձեր ամենասիրած խմիչքը։
Կոնյակ:
Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։
Ես ալկոհոլ շատ չեմ օգտագործում: Նույնիսկ շատ օգտագործելու դեպքում այդ իրավիճակում չեմ հայտնվում:
2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։
Ես այն մարդկանցից եմ, որ սիրում եմ անեկդոտներ, սակայն դրանք չեմ հիշում անհրաժեշտ պահին: Բայց ամենավերջին հումորներից դուր է եկել ստեղծվելիք նոր նախարարության հումորային անվանումը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սիրո և համերաշխության նախարարություն:





























