Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից համաձայն կառավարության որոշման՝ առաջնորդվելու են սոցիալական ապահովության նոր կարգով:

«Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ եւ տրվեն անհրաժեշտ լուծումներ», - իր խոսքում նշել է պետական նախարարը եւ ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ եւ հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ  հասարակության  վստահության մակարդակը:

 Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձեւաչափով  հանդիպումները հաճախակի են լինելու եւ, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն: