Մայրաքաղաքում տրանսպորտի խնդրի լուծման համար միայն քաղաքական կամք է պետք: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները խնդրի լուծման համար լավ ժառանգություն են ստացել, միջազգային փորձագետներ էին հրավիրվել, 850 հազար եվրոյի չափով գումար էր վճարվել:

«Նոր տրանսպորտային ցանցը, որը պետք է ներդրվեր արդեն այս տարվա դեկտեմբեր-հունվարին, հնարավոր  է լավագույն դեպքում երկու տարուց սկսի գործել, իսկ վատագույն՝ 4 տարուց»,- բացատրեց Եղիազարյանը:

Փորձագետը նշեց, որ վարչապետին այդ մասին նամակներ են ուղարկվել  եւ մեկ նամակ էլ Երեւանի քաղաքապետին, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացվել:

«Լրացուցիչ ուսումնասիրությունների անցկացման միակ պատճառ կարող է լինել Երեւանի բնակչության ավելացումը, ինչը կարող էր ուղեւորահոսքի ավելացմանը հանգեցնել: Սակայն, փաստացի, մայրաքաղաքի բնակչության թիվը չի փոխվել», - հավելեց նա:

Ըստ Եղիազարյանի՝ արդեն մշակված ծրագրի ներդնման դեպքում խցանումների հարցը կլուծվեր, որն առաջանում է տրանսպորտով փողոցների անկանոն ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ նախատեսվում էր ճանապարհներին հասարակական տրանսպորտի համար հատուկ գիծ գծել, ինչպես նաեւ վարորդների բարձր աշխատավարձի հարցը լուծել:

«Նախատեսվում էր վարորդին մոտ 200 հազար վճարել, ընդ որում սակագինը 100 դրամ պետք է մնար: Սակայն ժամանակին նախկին ընդդիմության, իսկ այժմ իշխանության կողմից մինչեւ 150 դրամ սակագինը բարձրացնելու դեմ կազմակերպված բողոքի ակցիաները հանգեցրին տրանսպորտային համակարգի կոլապսին», - ասաց փորձագետը:

Հրանտ Եղիազարյանը նշեց, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա դեկտեմբերի 31-ից հետո եւս 117 միկրոավտոբուսներ անպիտան կդառնան օգտագործման համար, քանի որ նրանց շահագործման ժամկետը կավարտվի:

«Եթե ժամանակին 150 դրամ սակագինը բարձրացնելու դեմ կազմակերպված բողոքի ակցիաները չլինեին, ապա խնդիրն այժմ լուծված կլիներ: Իսկ ասյօր շատ ուղեւրոներ ստիպված են 200 դրամ վճարել անհրաժեշտ վայր հասնելու համար, քանի որ մի շարք տրանսպորտային երթուղիներ այլեւս չեն գործում», - ասաց նա:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխումների իրականացման նպատակով նախկին իշխանությունները մշակել էին ծրագիր, որը նախատեսվում էր գործարկել  2018-2019 թվականներին: Այս նախագծի պատասխանատուներից մեկը WYG միջազգային խորհրդատվական ընկերությունն էր, որին 850 հազար եվրո էր վճարվել: Նոր իշխանությունները հրաժարվել են ծրագրի իրականացումից: