Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կրկին հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությունը խեղաթյուրող հայտարարությամբ, որի համաձայն, բնապահպանության նախարարությունն, իբր, չի պատասխանել իրենց հարցումներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Տեղեկացնում ենք, որ Հայկական բնապահպանական ճակատից հոկտեմբերի 29-ին եւ 31-ին ստացել ենք 3 գրություն, ու, թեեւ գրությունները չեն համապատասխանել
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին՝ չեն եղել ստորագրված, նախարարությունը, այնուամենայնիվ, պատասխանել է դրանց։
Միեւնույն ժամանակ ուզում ենք նշել, որ փորձագետը, որի մասին խոսվում է ՀԲՃ հայտարարության մեջ, նախարարին ուղարկել է ոչ ֆորմալ նամակ, որը հարցում կամ հրապարակում չի ենթադրել եւ չի պարունակել որեւէ նոր եզրակացություն։ Փորձագետի կողմից ուղարկվել է նամակ, որը եղել է սեպտեմբերին Երեւանում կայացած իր ասուլիսի համառոտագիրը։
Ուստի, անհասկանալի է, թե ՀԲՃ-ն ի՞նչ պահանջներ է ներկայացնում։
Նախախարի պարտականությունը չէ հանրայնացնել այն բոլոր նամակները, որոնք ստանում է։ ՀԲՃ պահանջը՝ հանրայնացնելու նախարարին ուղղվող նամակները, դուրս է տրամաբանության սահմաններից, ավելին, հակասում է էթիկական նորմերին։
Կողմ լինելով հրապարակային եւ թափանցիկ աշխատաոճին, ինչպես նաեւ կարեւորելով որակյալ լրագրության ամենակարեւոր սկզբունքը՝ հավասարակշռությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է անում հաղորդագրություններ հրապարակելուց առաջ դրանցում առկա տեղեկությունների հավաստիությունը ճշտել նաեւ գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ միակողմանի հրապարակումներից խուսափելու համար։
- Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի եւ Լիդիանի մասին․ ՀԲՃ
- Բնապահպանության նախարարը թաքցնում է կարեւոր տեղեկությունները հանրությունից եւ որդեգրել է ոչ թափանցիկ գործելաոճ․ ՀԲՃ




























