Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում վերջին շրջանում նկատվող ակտիվացումը միայն մեկ նպատակ ունի՝ կանխել հնարավոր պատերազմը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 22-ին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ թեեւ պատերազմի հավանականությունը փոքր է, սակայն չի բացառվում, որ «չնախատեսված իրադարձություններ» տեղի ունենան, որոնց հետեւանքը լլինի պատերազմը:

Մանոյանի դիտարկմամբ՝ պատերազմի վերսկսման հավանականության մասին են վկայում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաեւ ավանդական դարձած` հրադադարի խախտման հաճախակիացող դեպքերը: «Հարկավոր է Ադրբեջանին հասկացնել, որ իր ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են, եւ ժամանակն է, որ նա պետք է վերջ տա երեխայական խաղերին»,-հայտարարեց դաշնակցական գործիչը։ Նրա խոսքով` միջնորդները փորձում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի հանկարծ պատերազմ չսկսվի: «Որ հարցի լուծումը մոտալուտ չէ, դա հաստատ է»,-նկատեց Մանոյանը:

Այս ամենին զուգընթաց, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի խոսքով,   Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի սահմաններում: Իսկ Հայաստանի իշխանություններն ի պատասխան պետք է կոշտ դիրքերից հանդես գան եւ պնդեն, որ բանակցային գործընթացի ներկա հանգրվանից Ղարաբաղը եւս դառնա բանակցային կողմ: