Հանրային  խորհրդի՝ փետրվարի 24-ին կայանալիք փոքրիկ նիստի ժամանակ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը պատրաստվում է մշակույթի գործիչներին լիցենզիա տրամադրելու, կամ նրանց գործունեությանը գնահատական տվող հանձնաժողովի ստեղծման վերաբերող մի նախագծի առաջակություն անել։ Այս մասին կոմպոզիտորը հայտարարեց փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, իր պատկերացրած հանձնաժողովը պետք է գործի Մշակույթի նախարարության շրջանակներում։ «Բայց այս նախագիծը կյանքի պետք է կոչել շատ զգուշորեն, որովհետեւ, ինչպես ասում են, կարող ես շատ փայտ կոտրել, բայց տաքություն չստանալ»,- նշեց երգահանը:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի Կոմպոզիտորների միությունն ավելի վաղ ձեռնամուխ չէր լինում նման նախաձեռնության, Ռոբերտ Ամիրխանյանը նկատեց, որ այդ միությունը շատ անպաշտպան կառույց է եւ ի զորու չէ առանց համապատասխան ֆինանսական միջոցների որեւէ միջոցառում ձեռնարկել։ «Անհատների մակարդակով ամեն ինչ ավելի հեշտ է, օրինակ, նախկին դատախազ Յուրա Ղազարյանը դիմել է ինձ՝ խնդրելով աջակցել իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ազգային մաքուր երաժշտության պահպանման միության գործունեությանը։ Իսկ ես պատրաստ եմ աջացել նրան»,- ասաց Ամիրխանյանը։

Ամփոփելով՝ կոմպոզիտորը տեղեկացրեց նաեւ, որ Դիլիջանի կոմպոզիտորների տան բազայի հիման վրա ինքը պատրաստվում է մշակութային բիզնես-տուրիզմ մի նախագիծ մշակել։ «Գաղափարը կիրականացնեմ գերմանական կողմի հետ համատեղ։ Մանրամասները կքննարկվեն գարնանը, երբ նրանք ապրիլի 30-ին կմասնակցեն իմ հեղինակային  համերգին եւ առաջին  ձայնասկավառակիս շնորհանդեսին»։