Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին վիրավորված Նարեկ Հովեյանի աչքի տեսողությունը վերականգնվել է 40 տոկոսով, բժիշկները գտնում են, որ վիրահատության կարիք չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Հովեյանի մայրը՝ Սեդա Ղարիբյանը։
Նարեկը դեպքից մեկ տարի անց կարելի է ասել լիարժեք կյանքի է վերադարձել, զբաղվում է սպորտով, լողի է հաճախում, ձայնն է մշակում. երազում է դառնալ ժողովրդական երգիչ։ NEWS.am-ի հետ զրույցում Նարեկը պատմեց իր նպատակների, զգացողությունների եւ ապրումների մասին։
«Կյանքին ավելի ուրիշ ձեւ եմ հիմա նայում, ավելի լուրջ եմ նայում։ Իմ կարծիքով՝ ավելի նպատակասլաց եմ դարձել եւ կարծում եմ՝ կյանքը շարունակվում է պետք է առաջ եւ հետ չնայել, ինչ եղել է մնացել է անցյալում»,– ասաց Նարեկը։
Այս մեկ տարվա ընթացքում ամենածանրը, թերեւս, ականի պայթյունից ընկերների զոհվելու մասին իմանալն էր։ Նարեկը ծանր է տարել այդ լուրը, չէր կարծում, որ 3 ընկերոջն էլ կորցրել է ականի պայթյունից։
«Ես մտածում էի, որ գոնե մեկն է մահացել, բայց չէի մտածում, որ 3-ն էլ մահացել են, շոկի մեջ եմ եղել եւ հարազատների միջոցով հաղթահարել եմ այդ ծանր ապրումները»,– ասաց Նարեկը։
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:































