Վերին Լարսի անցակետում այս պահին ձյան մաքրման աշխատանքներ են ընթանում եւ օրվա ընթացքում մարդատար մեքենաների մի մասին բաց կթողնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տրանսպրոտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
Նրա խոսքով, անցակետում հավաքված բեռնատարների բաց թողնելու մասով նորություն կլինի ավելի ուշ. «Ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից: Այս պահին ձնահյուսի վտանգ չկա, կարող են մաքրման աշխատանքներն իրականացնել: Հիմա ամենակարեւոր խնդիրն է՝ այդ աշխատանքները հասցնել մինչեւ նոր տարի, որ այդ մարդիկ կարողանան հասնել տուն»,-ընդգծեց փոխնախարարը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 4-րդ օրն է, որ Վերին Լարսի անցակետում հարյուրավոր հայկական մեքենաներ են կանգնած, մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: «Երեխաներ կան մեզ հետ, ուտելիքը վերջանում է, վառելիքն էլ է վերջացել, շատ անմխիթար վիճակում ենք: Այսօր օրն արեւոտ է, բայց ճանապարհը չեն բացում, չգիտենք ինչ անենք»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վերին Լարսի անցկետում մնացած վարորդներից մեկը:
Նշենք, որ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 12-ի դրությամբ, ռուսական կողմում կան կուտակված 630 մարդատար, 335 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: Նրանց մեծ մասը հենց հայկական մեքեանաներն են:





























