30-ամյա Նելլի Մուրադյանը ամուսնու եւ երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է Հրազդանի Կենտրոն թաղամասում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նելլի մեծ տղան՝ 12-ամյա Ալիկ Հովհաննիսյանը մանկուց հաշմանդամ է՝ Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ, ինչի հետեւանքով տղան չի կարողանում քայլել, խոսել, դժվարությամբ է հասկանում։
NEWS.am-ի հետ զրույցում Նելլին պատմեց, որ ամուսինն առողջական խնդիրների հետեւանքով չի կարողանում աշխատել, ինքն էլ հիվանդ տղայի եւ փոքրիկների խնամքով է զբաղվում ու դժվարությամբ են կարողանում ծայրը ծայրին հասցնել:
«Շատ դժվարություններ կան մեր տանը, բայց ամենակարեւոր խնդիրը Ալիկի առողջությունն է։ Փոքր տղայիս ծնվելուց հետո երեք տարի չեմ կարողացել Արամին վերականգնողական կենտրոն տանել։ Մի քանի ամիս առաջ վերջին անգամ տարա, որից հետո ստուգումներով պարզվեց, որ երեխայի մոտ հոդախախտ է ու պիտի վիրահատվի։ Վիրահատվեց, ինպլանտներ տեղադրեցինք։Երկու ամիս երեխան պառկած է եղել։ Վիրահատությունից հետո սուր ցավեր սկսեցին։ Շտապ տարանք հիվանդանոց, պարզվեց, սուր գաստրիտ է մոտը, ինչը հետեւանք էր վատ սնվելու։ էն երկու փոքրերիս ինչ որ տեղ մոռանում եմ, որ Արամի խնդիրները լուծեմ»,-պատմեց Նելլին՝ հավելելով, որ մի քանի օրից Նոր տարի է, բայց նույնիսկ չեն պատրաստվում նշելու:
«Ամեն ինչի կարիք ունենք։ Շորերը Երեխաների աջակցության Հիմնադրամն է տալիս։ Ով ինչ տալիս է, վերցնում եմ, ջոկջկում, հագցնում։ Աղջիկս մի քանի տարի է, նույն կոշիկներով մրսելով դպրոց է գնում։ Նոր տարի է, բայց անգամ մի հատ մանդարին չեմ առել։ Չեմ էլ պատրաստվում, մտածում եմ գումար խնայեմ, որ հունվարին Արամին պարտադիր տանեմ վերականգնողական կենտրոն»,-ասաց Նելլին։
Նելլի Մուրադյանի ընտանիքն ապրում է երեխայի թոշակով եւ նպաստով, որը շուրջ 70 հազար դրամ է։ Դրանով հատկապես ձմռանը կարողանում են միայն կոմունալ վճարները փակել ու մի քիչ էլ սնունդ գնել։ Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094447716 հեռախոսահամարով՝ Նելլիին։




.jpg)





























