Պահեստազորի փոխգնդապետ, 20 տարի զինված ուժերում ծառայած վանաձորցի Արմեն Փիրուզյանին ՊՆ–ն հրաժարվել է բնակարան տրամադրել՝ պատճառաբանելով, որ համապատասխան փաստաթղթեր չեն տրամադրվել։ Արմեն Փիրուզյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը երկու անգամ ներկայացրել է համապատասխան բոլոր փաստաթղթերը, իրեն էլ ասել են, որ փաստաթղթերը կորել են։

«Առաջին անգամ բոլոր փաստաթղթերը ներկայացրել էի 2003 թվականին նախարարություն, ասացին,որ կորել են թղթերը, հետո 2016 թվականին նորից հավաքեցի բոլոր փաստաթղթերը ուղարկեցի նախարարին, հետո ինձ պատասխան եկավ,որ ես հաշվառման մեջ չեմ եղել  եւ այդ պատճառով ինձ բնակարան չի հասնում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ ինչու ինձ բնակարան չեն տալիս, ամբողջ կյանքս նվիրել եմ հայոց բանակին, մասնակցել եմ Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերին, 1993թ. Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերին և Քարվաճառի ու հարակից բնակավայրերի ազատագրման մարտական գործողություններին, ունեմ Մարտական գործողությունների մասնակցի վկայական։ 2011թ. աշխատում եմ Լոռու մարզի Շենավան գյուղի հիմնական դպրոցում, որպես զինղեկ։  Հիմա ես իմ հայրենիքի համար ոչ մի բան չունե՞մ արած։ »,–ասաց Արմեն Փիրուզյանը։

Պահեստազորի փոխգնդապետը նշեց, որ ինքն այժմ բնակվում է Վանաձորի Զինավան թաղամասում, սեփական բնակարան չունի։ Փիրուզյանն ունի 3 որդի, ավագ որդին ապրիլյան քառօրյայի մասնակից է, միջնեկը այժմ ծառայում է բանակում, իսկ կրտսերը մի քանի տարուց կմեկնի ծառայության։