Հայկական կողմը մշտապես բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի անմիջական մասնակցության հարցը, Երեւանի պետական համալսարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծել է, որ եթե Լեռնային Ղարաբաղը միանա բանակցություններին վերջին փուլում, հնարավոր է, որ բանակցությունները հարկ կլինի սկսել զրոյից: Ընդ որում, նախարարը նկատել է, որ թեեւ պաշտոնական Ստեփանակերտը բանակցությունների կողմ չէ, այդուհանդերձ նրա տեսակետները հաշվի են առնվում գործընթացում: «Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհրաժեշտության մասին բարձրաձայնում են նաեւ միջազգային կազմակերպությունները»,- հիշեցրել է Սեյրան Օհանյանը: Նա, սակայն, չի կանխատեսել, թե երբ կլինի դա: