Հունվարի 2-ին Երևանի  կանգառներից մեկում վրաերթի ենթարկված ընտանիքի անդամները այսօր՝ հունվարի 3–ին, դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը։

Նա նշեց, որ վրաերթի ենթարկվածները լուրջ ոսկրատրավմատիկ վնասվածքներ չեն ստացել։

Տուժածներից 35-ամյա Անուշիկ Մկրտչյանն, ով ստացել էր ստորին վերջույթի վնասվածներ, ենթարկվել է առաջնային վիրաբուժական միջամտության, իսկ 34-ամյա Վազգեն Աղաբեկյանը քերծվածքներ էր ստացել գլխի շրջանում։ Քերծվածքներ են ստացել նաև Աղաբեկյանի երեխաները՝ 12 և 8 տարեկան։ Տուժածների վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 2-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացու թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կան տուժածներ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կանգառի տաղավարին և շրջել այն: Կանգառում գտնվող քաղաքացիները (ընտանիքի անդամներ) ստացել են մարմնական վնասվածքներ: