Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է զանգահարել Արման Ս.-ն, ներկայացել lratvutyun. am կայքի գլխավոր խմբագիր եւ հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղն ու գյուղապետարանը, սակայն գյուղապետը թույլ չի տվել, իր վրա ատրճանակ է պահել, վերցրել է վկայականը, ճմռել, ձեռքով 6-7 անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Ա.Ս.-ին հրավիրվել են բաժին հաղորդում եւ բացատրություն տալու, սակայն նա հայտնել է, որ գտնվում է Երեւան քաղաքում եւ չի կարող ներկայանալ:

Ոստիկանների օպերատիվ արձագանքի եւ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը բաժին է հրավիրվել Միասնիկյան գյուղի համայնքապետը եւ բացատրություն տվել, որ Ա.Ս.-ի վրա որեւէ ատրճանակ չի պահվել, նրան չի հարվածել, վկայականը չի վերցրել, միայն ամոթանք է տվել, երբ վերջինը իրենից գումար է խնդրել:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: