Հունվարի 2-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-ին մասում» աղջիկ են դանակահարել, իսկ նրա «Նիսան Մարչ» ավտոմեքենան տարել են: 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի եւ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի կին: 

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունվարի 3-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շահումյան 14-րդ փողոցի 1-ին նրբանցքի սկզբնամասում: Մեքենան սարքին էր, բայց վրան առկա էին վթարի հետքեր:

Շարունակվող լայնածավալ միջոցառումների շնորհիվ, հունվարի 4-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել են Երեւանի բնակիչներ՝ 19-ամյա Նարեկ Շ.-ն եւ 39-ամյա Հրաչյա Հ.-ն: Համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ, նույն օրը նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին եւ ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն