Լեհաստանի հյուսիսում գտնվող Կոշալին քաղաքում դեռատի 5 աղջիկ զոհվել, մեկ տղամարդ լուրջ այրվածքներ է ստացել մեկուսասենյակում (քվեստ-սենյակ) բռնկված հրդեհից, տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում կատարելով TVN24 հեռուստաալիքին։

«Ողբերգության զոհ են դարձել 15-ամյա երեխաներ, աղջիկներ, որոնք նշում էին իրենց ծննդյան օրը»,- հեռուստաալիքին տեղեկացրել է Լեհաստանի ՆԳ նախարար Իոահիմ Բրուջինսկին։

Տեղի հրշեջ ծառայության տնօրեն Թոմաշ Կուբաիկն, իր հերթին, AFP գործակալությանը տեղեկացրել է, որ զոհերը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ «մեկ տղամարդ լուրջ այրվածքներով տեղափոխվել է  ինտենսիվ թերապիայի բաժանմունք»։

Տեղի ոստիկանատան մամուլի ծառայությունում հայտնել են, որ տուժած տղամարդը մոտ 25 տարեկան է։

Հրդեհի պատճառը դեռեւս անհայտ է։

Բրուջինսկին պետական հրշեջ ծառայությանը հանձնարարել է անվտանգության միջոցներ ապահովել երկրի բոլոր մեկուսասենյակներում. Լեհաստանում դրանք հազարից ավելի են։

Քվեստ-սենյակները վերջին ժամանակներս մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Խաղի կանոնների համաձայն՝ խաղացողներին փակում են սենյակում, որից նրանք պետք է ելք գտնեն՝ օգտագործելով հուշումներն ու բանալիները։