Ծովահենները Գվինեայի ծոցում առեւանգել են MSC Mandy բեռնանավի անձնակազմի վեց անդամի, առեւանգվածները ռուսաստանցիներ են, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռոսմորռեչֆլոտի փրկարարա-համակարգող կենտրոնի տվյալներին։
«MSC MANDY նավը (Պանամայի դրոշի ներքո), որի անձնակազմը բաղկացած է 24 հոգուց, այդ թվում՝ Ռուսաստանի 23 քաղաքացի եւ Ուկրաինայի մեկ քաղաքացի, հունվարի 1-ին ենթարկվել է ծովահենային հարձակման Գվինեայի ծոցում, Քոթոնոու (Բենին) նավահանգստից 10 մղոն հեռավորության վրա»,- ասվում է փրկարարա-համակարգող կենտրոնի նյութերում։
Նավ է բարձրացել հրազենով եւ սառը զենքով զինված 7-9 մարդ։ Ծովահենները սկսել են թալանել անձնակազմը։
«Երկու ժամ անց ավազակները հեռացել են նավից՝ առեւանգելով անձնակազմի վեց անդամի (բոլորը՝ ՌԴ քաղաքացիներ, կապիտանը, կապիտանի ավագ օգնականը, կապիտանի 3-րդ օգնականը, բոցմանը, նավի զոդողը եւ խոհարարը)։ Անձնակազմի մնացած 18 անդամների մեջ վիրավորներ, տուժածներ չկան»,- տեղեկացվում է Ռոսմորռեչֆլոտի նյութերում։
«ԱԳՆ ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տեղեկատվությամբ՝ անձնակազմի առեւանգված անդամների ազատ արձակման հարցերով զբաղվում են Նիգերիայի եւ Բենինի հյուպատոսական բաժինները»,- ասվում է փրկարարա-համակարգող կենտրոնի նյութերում։
Ինչպես տեղեկացրել են ՌԻԱ «Նովոստի»-ին Տրանսպորտի աշխատողների միջազգային ֆեդերացիայում (ITF), նրանք առայժմ դիմում չեն ստացել նավատիրոջ եւ անձնակազմի կողմից։ Հարձակումից հետո նավը, նավատիրոջ ցուցումով, ուղեւորվել է դեպի Լագոսի նավահանգիստ։ Լագոսի նավահանգստում անձնակազմին է միացել կապիտանի փոխված ավագ օգնականը՝ նավը դեպի Քոթոնոուի (Բենին) նավահանգիստ հասցնելու համար, որտեղ նախատեսվում է իրականացնել անձնակազմի վեց անդամների փոխանակումը առեւանգվածների հետ։
Ներկա պահին, Marinetraffic պորտալի տվյալների համաձայն, MSC Mandy-ն խարիսխ է գցել Գվինեայի ծոցում։





























