Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել գազատար խողովակի տակ:

Վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին:

Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում եղել է նրա մայրը, ընտանիքի անդամները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մամյանը աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր Վանաձորի հարկային տեսչությունում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը անցանելի էր, ոչ մի խոչընդոտ չի եղել: