Կահիրեում եգիպտական ոստիկանության աշխատակիցը զոհվել է եկեղեցու տարածքում պայթուցիկը վնասազերծելու փորձի ժամանակ, որը հայտնաբերվել է շաբաթ՝ հունվարի 5-ին Եգիպտոսի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում՝ ղպտիական եկեղեցու մոտակայքում, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

Պայթյունի արդյունքում տուժել է եւս երկու ոստիկան եւ մեկ անցորդ, հաղորդում են եգիպտական անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Դեռեւս ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունը տեղադրված ռումբի համար:

Եգիպտոսի անվտանգության ուժերն իրականացնում են քրիստոնեական եկեղեցիների եւ վանքերի շրջակայքում հանրային տարածքների ուժեղացված պարեկային հերթապահություն հունվարի 7-ին՝ ղպտիների կողմից Սուրբ Ծննդյան տոնակատարությունների նախօրեին: Ղպտիական եկեղեցին պատկանում է հնագույն արեւելյան եկեղեցիների խմբին եւ տարբերվում է բյուզանդական ավանդույթի ուղղափառ եկեղեցիներից արարողակարգի եւ դավանանքի տարրերով: Եգիպտոսում քրիստոնյաները կազմում են բնակչության 10 տոկոսը՝ մոտ ինը մլն մարդ:

Եգիպտոսում պարբերաբար տեղի ունենում են հարձակումներ եկեղեցիների վրա, ինչպես նաեւ քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչական գործողություններ: Նոյեմբերին իսլամիստ-ակաբեկիչները սպանել են յոթ ղպտիների, որոնք վերադառնում էին երեխայի մկրտության արարողությունից հետո Կահիրեից մոտ 260 կմ հեռավորության վրա գտնվող վանքից:

2017 թվականի դեկտեմբերին հարյուրավոր մուսուլմաններ հարձակում էին գործել Կահիրեից 100 կմ հարավում գտնվող Աթֆիհ քաղաքում ղպտիական եկեղեցու վրա, իսկ Կահիրեից 25 կմ հարավում գտնվող Հելվան քաղաքում անհայտ անձինք կրակոցներ էին բաց թողել Մար-Մինի ղպտիական եկեղեցու ուղղությամբ՝ սպանելով մի քանի մարդու:

2017 թվականի ապրիլին երկու ղպտիական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում տասնյակ մարդիկ էին սպանվել եւ վիրավորվել: Այդ ահաբեկչությունները համարվել էին երկրի նորագույն պատմության ընթացքում ամենաարյունալի հարձակումները ղպտիական եկեղեցու անդամների վրա:

2016 թվականի դեկտեմբերին Կահիրեի Սուրբ Մարկոսի տաճարի մոտակայքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոսի եկեղեցու վրա հանձակման արդյունքում զոհվել է 29 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել: