Կանացի եւ տղամարդու բույրերը, որոնք ստեղծվել են՝ ոգեշնչվելով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինով, Մոսկվայում հայտնվել են վաճառքում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն:

Միեւնույն ժամանակ Կրեմլում հաղորդել են, որ չեն համաձայնել կոմերցիոն նպատակներով Վլադիմիր Պուտինի անունն օգտագործելու համար:

«Ոչ, ոչ ոք չի հաստատել»,-ասել է ՐԻԱ Նովոստի-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մայրաքաղաքի արեւտրի կենտրոններից մեկում բացվել է ռուսական Leaders ընկերության տաղավարը, որտեղ վաճառվում են տղամարդու «Number one» եւ կանացի «Russian woman» բույրերը: Օծանելիքի շշերի վրա պատկերված է պետության ղեկավարի կիսադեմը եւ Ռուսաստանի զինանշանը:

Վաճառող-խորհրդատուն ՐԻԱ Նովոստի-ին պատմել է, որ դա բույրի սահմանափակ արտադրությունն է: Ըստ նրա՝ բույրերով հետաքրքրվում են եւ գնում դրանք:

Տղամարդու բույրը համեմված է փայտային եւ ցիտրուսային նոտաներով, իսկ կանացին՝ փայտային եւ ծաղկային: 19 հազար ռուբլով հնարավոր է ձեռքբերել օծանելիքի 100մլ տարողությամբ շիշը փայտե նվեր-տուփով, իսկ սովորական շշի արժեքն է 10 հազար ռուբլի: