Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ը հրաժարվել է գահից, հաղորդում է ՄԿ.RU՝ վկարակոչելով տեղական ԱՄԼ-ներին:

Ինչպես գրում է գործակալությունը՝ հղում կատարելով The Straits Times-ին, միապետը հայտարարել է հրաժարականի մասին հունվարի 6-ին՝ հաստատելով մի քանի շաբաթ շարունակ տարածվող ասեկոսեները:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջում Մալայզիայի միապետը ռուսական ԶԼՄ-ների կողմից ամենաքննարկվող անձանցից մեկն էր. պատճառը՝ «Միս Մոսկվա 2015»-ի՝ Օքսանա Վոեվոդինայի հետ ամուսնությունն էր:

Ինչպես գրում էր ՄԿ-ն, Մալայզիայի թագավորի տիտղոսը հնչում է որպես «Յանգ դի-Պերտուան Ագոնգ», որը մալայզերեն նշանակում է «Նա, որ ստեղծված է Գերագույնի կողմից»: Ներկայիս թագավորը՝ Թաիլանդի սահմանակից Քելանթան նահանգի սուլթանը, «դաշնային գահին»  է  2016 թվականի վերջից: Պաշտոնը ստանձնելու պահին նա 47 տարեկան էր, ինչի շնորհիվ նա Մալայզիայի ընտրված թագավորներից ամենաերիտասարդն էր:

Մուհամադ V-ն արդեն ամուսնացած էր: 2004 թվականին նա պսակադրվել էր Փաթանի սուլթանաթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ, սակայն 2008 թվականին զույգն ամուսնալուծվել էր: «Յանգ դի-Պերտուան Ագոնգ»-ի պաշտոնն ստանձնելիս սուլթանը Մալայզիայի պատմության մեջ առաջին թագավորն էր, ով այդ պահին ամուսնացած չէր: Ընդ որում, թագավորի կինն ունի կարեւոր դերակատարում թագավորույան մեջ: Ըստ կոչման՝ նա հաջորդում է անմիջապես գերագույն ղեկավարին՝ չնայած, դրա հետ մեկտեղ, նրան արգելվում է զբաղեցնել այլ պաշտոններ պետական մարմիններում: