Սաուդյան Արաբիայից առաջին կին ուղեկցորդները հունվարից կսկսեն աշխատել սաուդյան Flynas բյուջետային ավիաընկերության օդանավերում, հայտնում է Saudi Gazette պարբերականը:
Ըստ Flynas-ի հայտարարության՝ սաուդցի կին ուղեկցորդների առաջին խումբը ավարտել է ավիաընկերության նախապատրաստական դասընթացը եւ պատրաստ է այս ամիս սկսել աշխատել: Flynas-ը պատրաստվում է 2 տարում Սաուդյան Արաբիայի հպատակների թվից պատրաստել 300 կին եւ տղամարդ ուղեկցորդների:
Ավիաընկերության հայտարարության մեջ նշված է, որ կին ուղեկցորդների համազգեստը կհամապատասխանի սաուդյան սովորություններին եւ ավանդույթներին: Այս դիրքին հավակնողները պետք է ունենան միջնակարգ կրթություն, տիրապետեն անգլերենի եւ «միջազգային ավիացիոն ստանդարտներին համապատասխանող» հասակ եւ քաշ ունենան:
Անցյալ տարի Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլատրեցին վարորդական իրավունքի դասընթացներ անցնել եւ տաքսու վարորդներ աշխատել: Այս քայլը ծավալուն սոցիալ-տնտեսական վերափոխումների մի մասն էր, որը թագավորությունում գործարկել էր գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը:





























