Ավտոներկրողները մի մեքենան վճառում էին, մյուսը նվիրատվություն են արել եւ առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն, որի համար էլ եղել է բողոքի ակցիա կառավարության դիմաց: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Նրա խոսքով, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որտեղ եկել են այն եզրակացության, որ դա անհամեմատ բարձր բեռ է ավտոներկրողների համար եւ հնարավոր չէ մեքենայի վաճառքից այդպիսի հարկ վճարել:
«Ցուցարարները անընդհատ բերում են Վրաստանի օրինակը, որ ամեն մեքենայի համար ավտոներկրողները վճարում են 30 հազար դրամի կարգի հարկ: Մենք հիմա նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են, այսինքն 30-40 հազար դրամ: Այսինքն հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի եւ առաջիկայում կամ Հարկային օրենսգրքի հետ կգնա կամ կարող է ավելի շուտ մտնել ԱԺ»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլեւս մարդը ստիպված չի լինելու գնալ իր հարեւանների, ազգականների անունով մեքենա բերի. Եւ մեքենաները բերելու է իր անունով, եւ հարկերն է վճարելու:
Խոսքը ավտոմեքենայի արժեքի 1,5 տոկոս գումար վճարելու մասին է, սակայն Նաիրի Սարգսյանը նշեց, որ մինչեւ այս լուծմանը հասնելը մարդկանց ծանուցումներ է ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն«» ,Դրա համար այս լուծումը հետադարձ ուժ է ունենալու եւ 1,5 տոկոսը տարածվելու է 2018 թվականի հոլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա»:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդհատեց նրան՝ նշելով. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ մաքսային գները բարձրացել են, մարդիկ չեն կարողանում մաքսզերծել մեքենաները»: Նա առաջարկեց ոչ թե 1,5 տոկոս սահմանել, այլ լինի հաստատագրված վճար, որ մարդիկ իմանան՝ այս մեքենայի համար այսքան փող պետք է վճարեն: «Հիմա մեզ ասում են, որ 1,5 տոկոսը հաշվարկվելու է առուվաճառքի գնից, բայց մարդիկ տարբեր գներ են գրում այդ գործարքների ժամանակ, շուկայականից 10 անգամ պակաս, ընդունելո՞ւ են դա: Դող մինչեւ 5 հազար դոլար արժողությամբ մեքենան լինի մի հաստատագրված վճար, դրանից բարձրը՝ մեկ այլ գումար»:




























