ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սեւանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջեւանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արարատի, Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:

Աշոցքի եւ Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում բուք է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: