Մտածող, ադեկվատ մարդիկ հասկանում են, որ եթե գազի գինը սահմանին աճում է, բայց երկրի ներսում բնակչության համար սակագները մնում են նախկին մակարդակին, ուրեմն դրա համար ինչ-որ մեկը ցանկացած պարագայում պետք է վճարի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում սուբսիդավորումը պետք է կատարվի կամ պետական բյուջեի, կամ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվին։ «Հայաստանի վարչապետի մակարդակով արդեն ասվել է, որ պետական բյուջեի հաշվին այդ միջոցները չեն սուբսիդավորվի։ Այսինքն՝ մեսիջն, ըստ էության, այսպիսին է. այդ ծախսերը պետք է փոխհատուցվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժայի հաշվին։ Դե, իսկ թե ինչպես կպայմանավորվեն «Գազպրոմ Արմենիա» եւ «Գազպրոմ» ընկերությունները՝ դա արդեն իրենց գործն է։ Բայց ես հստակ կարող եմ հավաստիացնել, որ այդ հավելյալ բեռնվածությունը չի ընկնի Հայաստանի բնակիչների ուսերին»,- նշել է Թունյանը։
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի բարձրացման փոխհատուցման համար ստիպված լինի աշխատակիցների ծավալուն կրճատումներ կատարել, եւ ինչ սոցիալական հետեւանքների դա կարող է հանգեցնել, պատգամավորը պատասխանել է, որ տնտեսության մեջ կատարյալ լուծումներ չեն լինում։ «Միշտ ինչ-որ բան տեղի է ունենում մեկ այլ բանի հաշվին։ Այս դեպքում, բնականաբար, եթե բեռնվածությունն ընկնում է ինչ-որ ընկերության վրա, եւ այն ստիպված է կրճատել իր եկամուտը, ապա պետք է միջոցներ գտնի ծախսերի օպտիմալացման համար։ Թե ինչ ճանապարհ կընտրի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ իր գործն է։ Բնական է, որ ոչ մեկի համար կրճատումները ցանկալի չեն, բայց եթե ընկերությունում որոշեն, որ իրենց աշխատանքի որակի բարձրացման համար իրենց հարկավոր է դիմել օպտիմալացման, ուրեմն դա միանգամայն հասկանալի է եւ իրենց իրավունքն է»,- ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության եւ իշխանությունների միջեւ շարունակվում են բանակցությունները գազի սակագնի շուրջ։ Մինչեւ դրանց ավարտը ընկերությունը համաձայնել է հայցով չդիմել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին սակագների փոփոխման վերաբերյալ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմակի հավաստիացումներին՝ ռուսական գազի գնի իջեցման հասնելու վերաբերյալ, հունվարի 1-ից այն թանկացել է՝ 150-ից հասնելով 165 դոլարի հազար խորանարդի համար։




























