Եվրամիությունում խոշոր կորպորացիաները գրեթե չեն վճարում հարկերն ամբողջ ծավալով: Գոյություն ունի հսկայական անհամապատասխանություն օրենքով սահմանված հարկերի եւ բազմազգ ձեռնարկությունների իրական վճարների միջեւ, հաղորդում է Süddeutsche Zeitung թերթը` վկայակոչելով Եվրախորհրդարանում «Կանաչների» խմբակցության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Նոմինալ եւ փաստացի վճարված հարկերի միջեւ ամենամեծ անհամապատասխանությունները գրանցվել են Լյուքսեմբուրգում: Այստեղ, 2011- 2015թթ․-ին պաշտոնական հարկային դրույքաչափը կազմել է 29 տոկոս, միեւնույն ժամանակ, խոշորագույն կոնցեռները փաստացի վճարել են ընդամենը երկու տոկոսը, հաղորդում է DW- ն:

Մալթայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում եւ Ֆրանսիայում կոնցեռների հարկային մուծումները նախատեսվածից երկու անգամ քիչ են եղել։

Գերմանիայում հարկային դրույքաչափը մոտ 30 տոկոս է կազմում, բայց, իրականում, հարկային մարմինների կողմից հաշվարկվել է միայն 20 տոկոսը:

Միայն Բուլղարիայում հետազոտության հեղինակները որեւէ անհամապատասխանություն չեն գտել նոմինալ հարկերի եւ նրանց միջեւ, որոնք փաստացի վճարում են խոշոր կորպորացիաները:

Եվրոպական խորհրդարանում «Կանաչների»  խմբակցության ֆինանսական քաղաքականության հարցերով փորձագետ Սվեն Գիգոլդը (Sven Giegold) միջազգային ընկերությունների կողմից կիրառվող հարկային պրակտիկայի ավելի թափանցիկ լինելու կոչ է արել: