ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Վենեսուելայում նոր ընտրություններ անցկացնել:

Բացի դրանից, նա ասել է, որ Եվրամիությունը աջակցում է Վենեսուելայի խորհրդարանը գլխավորող ընդդիմադիր քաղաքական գործչին, հաղորդում է DW-ն:

Մոգերինիի խոսքով, Վենեսուելայի ժողովուրդը պահանջում է ժողովրդավարություն եւ «սեփական ճակատագրի վերաբերյալ ազատ որոշումներ կայացնելու» հնարավորություն: Եվրամիության ներկայացուցիչը Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին, ինչպես նաեւ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի մյուս անդամներին զգուշացրել է քաղաքացիական իրավունքների, ազատության եւ անվտանգության վերաբերյալ սահմանափակումների մասին:

 «Անվտանգության ուժերի բռնությունը եւ դաժանությունը բացարձակապես անընդունելի են եւ չեն կարող օգնել ճգնաժամից դուրս գալ», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

Իր հերթին Եվրամիությունը պատրաստ է աջակցել «Վենեսուելայում ժողովրդավարության եւ իրավական պետության վերականգնմանը` վստահելի խաղաղ քաղաքական գործընթացի միջոցով, որը կկատարվի Սահմանադրության համաձայն»: Ավելի վաղ Մոգերինին ասել էր, որ Եվրամիությունը դեռեւս ձեռնպահ է մնում Վենեսուելայում իրադարձությունների գնահատականից, սակայն «շատ ուշադիր» հետեւելու  է երկրում տեղի ունեցող զարգացումներին:

Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն, ով հունվարի 23-ին իրեն երկրի նախագահի պաշտոնակատար էր հայտարարել, կոչ է արել օտարերկրյա դիվանագետներին չարձագանքել Վենեսուելայից հեռանալու մասին Նիկոլաս Մադուրոյի պահանջներին:

«Ես տեղեկացնում եմ Վենեսուելայում դիվանագիտական առաքելությունների բոլոր ղեկավարներին եւ հավատարմագրված անձնակազմին, որ պետությունը ցանկանում է, որ մեր երկրում իրենց դիվանագիտական ներկայությունը պահպանվի», - ասվում է հայտարարության մեջ: