«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «…Եթե դու Ֆրանսիայի նման պատկառելի երկրի ղեկավար ես ու չես հասկանում, թե ում հետ ես գործ բռնել (կամ՝ շատ լավ էլ հասկանում ես, բայց բիզնես շահերդ առաջնային ես դարձնում), դա արդեն, մեղմ ասած, շատ տարօրինակ է։ 2007 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնական այցով ընդունում էր Լիբիայի առաջնորդ Քադդաֆիին։ Այդ այցը տեւեց աննախադեպ երկար՝ 5 օր, ընդունելությունն ավելի քան ճոխ էր՝ Ելիսեյան պալատի դիմաց բեդուինական վրան էին խփել, որպեսզի Քադդաֆին կարողանա հենց այնտեղ հյուրեր ընդունել։ Ինքը՝ Սարկոզին, իր բարյացակամությունը բացատրեց այսպես. «Ես վստահ եմ, որ Ֆրանսիան պետք է երկխոսություն վարի նրանց հետ, ովքեր ուղղվելու ճանապարհին են կանգնել եւ փորձում են կապեր հաստատել համաշխարհային հանրության հետ»։ 

Դժվար է ենթադրել, որ 3 տարի առաջ Քադդաֆին «ուղղվում էր», բայց հետո նորից վերադարձավ իր «վատ սովորություններին»։ Այն ժամանակ էլ նա Լիբիայի նախագահը չէր, այլ առաջնորդ էր՝ ֆյուրեր, որին որեւէ քաղաքակիրթ երկրի նախագահ չպիտի ընդուներ։ Ի դեպ, դրանից մի քանի տարի առաջ Տրիպոլիի հետ տնտեսական սերտ հարաբերություններ էին հաստատել Բրիտանիան, Գերմանիան եւ Իտալիան։ Այսպես են երես տալիս բռնապետներին, «թռփոշացնում են» նրանց, իսկ հետո զարմանում են, թե ինչու են նրանք սեփական ժողովրդի դեմ օդուժ կիրառում եւ հարյուրավոր մարդկանց կոտորում։ Հիմա էլ կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Լիբիայի դեմ (դրանց ամենաջերմ կողմնակիցը նույն Սարկոզին է), մինչդեռ այդ պատժամիջոցները երբեք էլ պետք չէր վերացնել։Իսկ ընդհնարապես` երբ ինչ-որ բան ես ասում, մտածիր, թե ինչպես ես հետո խոսքդ փոխելու»: