Nissan Motor, Renault եւ Mitsubishi Motors ավտոմոբիլային ընկերությունների ղեկավարները նախատեսում են բանակցություններ անցկացնել հաջորդ շաբաթ քննարկելու համագործակցության ամրապնդման եղանակները Կառլոս Գոնի կալանքից եւ ֆրանսիական ավտոարտադրողի կողմից նոր ղեկավարություն նշանակելուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Jiji գործակալությանը:

Renault-Nissan-Mitsubishi միությունը ֆրանսիական Renault եւ ճապոնական Nissan ու Mitsubishi ընկերությունների միջեւ գործընկերություն է մեքենաշինության զարգացման ոլորտում: Renault-Nissan միությունը ստեղծվել է 1999 թվականին: Ընդ որում՝ Renault-ին է պատկանում Nissan-ի 43 տոկոսը, իսկ ճապոնական ընկերությունը տնօրինում է ֆրանսիական գործընկերոջ բաժնետոմսերի 15 տոկոսը: 2016 թվականին Nissan ընկերությունը ձեռք է բերել Mitsubishi Motors-ի բաժնետոմսերի 34 տոկոսը. արդյունքում ձեւավորվել է ավտոարտադրողների աշխարհում խոշորագույն միությունը, որը 2017 թվականին համատեղ վաճառել է 10.6 մլն ավտոմեքենա:

Ըստ գործակալության, որը հղում է կատարում ճապոնական ընկերություններին, բանակցությունները տեղի կունենան միության բարձրաստիճան պաշտոնյաների նիստի շրջանակներում, որը կանցկացվի Նիդերլանդներում: Ենթադրվում է, որ Nissan Motor-ի նախագահ Խիտորո Սաիկավան եւ Mitsubishi Motors-ի ղեկավար Օսամու Մասուկոն կանցկացնեն հեռուստակոնֆերանս Renault-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Ժան-Դոմինիկ Սենարի հետ: Օրակարգում գլխավորապես կքննարկվի ավտոարտադրողների միջեւ համագործակցության զարգացման հարցը Կառլոս Գոնի կալանքից հետո: Բանակցությունների ամսաթիվը դեռեւս չի ճշգրտվում:

Գոնը Renault-ի գործադիր տնօրենն էր եւ տնօրենների խորհրդի նախագահը: Nissan-ում նա ղեկավարում էր տնօրենների խորհուրդը: Նա ձերբակալվել էր նոյեմբերի 19-ին իր եկամուտները մասնակիորեն հայտարարագրելու կասկածանքով: Ճապոնական դատախազությունը հայտարարել էր, որ Գոնը շուրջ 8 մլրդ յենի չափով (գրեթե 71 մլն դոլար) կրճատել էր 2010-2017 թվականների ընթացքում հայտարարագրված եկամուտները: Ճապոնիայում Կառլոս Գոնի կալանքից հետո Nissan-ն ազատել էր նրան տնօրենների խորհրդի պաշտոնից: