Դուբայում սկսվել է աշխարհի ամենաբարձր լողավազանի շինարարությունը: Այն կտեղակայվի բաց երկնքի տակ՝ 52 հարկանի երկնաքերի տանիքում, գրում է Arabian Business-ը:

ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքը հայտնի է իր բարձր շենքերով, որոնցից գլխավորը Բուրջ Խալիֆա աշտարակն է: 2020-ին Դուբայում եւս մեկ ռեկորդ կսահմանվի՝ աշխարհի ամենաբարձր լողավազանը: Այն կտեղակայվի բաց երկնքի տակ՝ Պալմ Ջումեյրա շրջանում կառուցվող The Palm Tower  52 հարկանի երկնաքերի տանիքում:

Համայնապատկերային տեսարանով լողավազանը երկրի մակերեւույթից 210 մետր բարձրության վրա կկառուցեն: Նախագծի հեղինակները այցելուներին խոստանում են զարմանալի տեսարան դեպի Դուբայ, Պալմ Ջումեյրա արհեսատական կղզի եւ տեղական ծովածոց:

775 քառակուսի մետր մակերեսով լողավազանը լցնելու համար 930 հազար լիտր ջուր կպահանջվի:

Երկնաքերը լողավազանի մակարդակում չի մնա, նրա ընդհանուր բարձրությունը 240 մետր է: Լողանալուց հետո այցելուները կկարողանան բարձրանալ 51-րդ հարկ՝ տեղական խոհանոցի ռեստորան: Ամենավերեւում՝ The Palm Tower-ում, դիտման հարթակ կստեղծեն:

Ներկա պահին աշխարհոմ ամենաբարձրը Սինգապուրի Marina Bay Sands Skypark երկնաքերի լողավազանն է: Այն ունի 146 մետր երկարություն եւ 1400 տոննա ծավալ: Գտնվում է 191 մետր բարձրության վրա: Եվրոպայում ռեկորդակիր է Լոնդոնի The Shard երկնաքերի Skypool լողավազանը: Այն, սակայն, տեղակայված է տանիքի տակ: Լողավազանից դեպի Բուքինհեմյան պալատ, Սուրբ Պողոսի տաճար եւ խորհրդարանի շենք տեսարան է բացվում: