Բիզնեսը զարգացնելու համար հարկերից ու տուրքերից է պետք խոսել, ոչ թե ավտոկայանատեղիներից։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված ավագանու նիստին հայտարարեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ա ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ խոսելով «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին» որոշման նախագծի մասին։
«Ավտոկայանտեղին երրորդային կամ չորրորդային հարց է։ Ո՞վ պետք է մտածի Երեւանի բարեխիղճ վարորդների մասին, ովքեր վճարում են 12 հազար դրամը այդ չարաբաստիկ կարմիր գծերի համար, ով պետք է իրենց իրավունքները բարձրացնի»,–նշեց ավագանու անդամը՝ ապա դիմեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին. «Պարոն Նավասարդյան, տասն անգամ ձեզ զանգել են, որ գնանք Շահումյան հրապարակ, որ տեր կանգնեք մարդկանց։ Ապօրինի գործունեություն են ծավալել Ամերիաբանկի եւ Էլիտ պլազայի աշխատակիցները։ Այժմ Կենտրոնական բանկի աշխատակիցները ուղիղով նայում են ու զուգահեռ գրում են իրենց վրդովմունքի մասին, ընդ որում ձեզ»,–ասավ Մանրիկյանը։
Ավագանու անդամին վրդովեցնում է նաեւ Էլիտ պլազայի տնօրենի հայտարարությունը. «Էլիտ պլազայի տնօրենն ասաց, որ իրենք վարձակալների հետ իրենց պայմանագիրով նախատեսվում է ավտոկայանատեղի տրամադրման մասին դրույթ։ Այսի՞նքն։ Բիզնես էիք սարքում, 17-18 հարկանի շենք եք սարքել, պլանավորեիք, որ էդ 17-18 հարկանի շենքի համար 120-130 ավտոկայանտեղին բավարար չէ»։
Ավագանու ԲՀԿ–ական անդամը ելույթի ավարտին հորդորեց Շահումյան հրապարակը վերադարձնել երեւանցիների. «Պարոն Նավասարդյան, դուք շեշտել եք, որ Էլիտ պլազան չի գտնվում Շահումյան հրապարակի հարակից տարածքում, ո՞նց եք պատկերացնում դա, ասել եք, որ կխնդրեք ավագանուն, որ հատուկ վերաբերմունք ցուցաբերի, նույնը վերաբերում է Ամերիաբանկին։ Ամենակարեւորը՝ ամիսներ անց կշահագործենք Երեւանի 2800-ամյակին նվիրված զբոսայգին, որի շարունակությունը Շահումյան հրապարակն է։ Ժողովուրդ, վերադարձրեք Շահումյան հրապարակը երեւանցիներին»։





























