Շվեյցարացի ոստիկանը բանկային գողության մեջ կասկածյալներին հետապնդման ժամանակ գերազանցել է արագությունը, որի համար նա տուգանվել է, հաղորդում է «Գազետան»` վկայակոչելով The Local-ին:

Նշվում է, որ ոստիկանը հետապնդման ժամանակ երկու անգամ գերազանցել է արագությունը՝ առաջին անգամ 30 կմ /ժ-ով, իսկ երկրորդ անգամ՝ 42 կմ/ժ-ով:

Դատախազները համարել են, որ արագության գերազանցման առաջին դեպքը թույլատրելի էր: Երկրորդն ընկալվել է որպես երթեւեկության կանոնների կոպիտ խախտում: Արդյունքում, ոստիկանը տուգանվել է 600 ֆրանկով (528 եվրո):

Հրապարակման համաձայն, ոստիկանությունը փորձել է վիճարկել դատարանի որոշումը, սակայն Դաշնային գերագույն դատարանը թողել է իր որոշումն ուժի մեջ:

Դատարանը բացատրել է, որ արագության գերազանցումը թույլատրելի է, եթե որեւէ մեկի կյանքը վտանգի տակ է: Ոստիկանը գիտեր, որ կասկածյալները որեւէ մեկին չեն վնասի, ուստի պետք է ընտրեր այնպիսի արագություն, որը չէր կարող ուրիշների համար վտանգավոր լինել: